Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
04.06.2014
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ երկու երկրներին եւ ժողովուրդներին ավանդաբար կապող բարեկամությունը պիտի շարունակվի եւ խորանա: Նրա խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ՀՀ արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում եւ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում արդեն մոտ երեք տարի տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Սիրիայում շարունակվող բախումների կապակցությամբ, որից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: Նա մտահոգություն հայտնեց նաեւ 2014թ. մարտին Սիրիայի հյուսիս-արեւմտյան Քեսաբի շրջանի հայաբնակ գյուղերում ռազմական բախումների պատճառով ստեղծված իրավիճակի առնչությամբ, որի հետեւանքով եղել են զոհեր, հարյուրավոր սիրիահայ ընտանիքներ լքել են իրենց տները: Գալուստ Սահակյանը հույս հայտնեց, որ Սիրիայում կհաստատվի խաղաղություն, կայունություն եւ հասարակական համերաշխություն:
Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Ազգային ժողովի նախագահին ներկայացրեց Սիրիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, վերջին զարգացումները եւ դրական միտումները, անդրադարձավ երեկ կայացած նախագահական ընտրություններին:
Հանդիպման ընթացքում արծարծվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր: