Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2014

 «Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախության երազանքի եւ ինքնիշխան հայրենիքի գաղափարի մարմնավորում, բեկումնային էր մեր ժողովրդի գիտակցության եւ պատմության մեջ: Սարդարապատը, ազգի հավաքական ուժի ինքնադրսեւորման հաղթարշավները սխրանքների մղեցին մեր ժողովրդին, եւ Առաջին Հանրապետությունը պետականաշինության ու հետագա հաղթանակների հիմնաքարը դարձավ:

Առաջին Հանրապետությունը վերականգնված հավատ էր սեփական ուժերի, ինքնուրույն ապագայի եւ ազգային միասնության ուժի հանդեպ: 20-րդ դարի հայկական առաջին պետությունը դարձավ մնայուն երեւույթ մեր ժողովրդի պատմության մեջ եւ վստահելի ուղեցույց նրա հետագա ճանապարհին, որը ձգվում է դեպի հաստատուն վաղվա օր:

Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ` մաղթում եմ մեր երկրին ու ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն, նոր ձեռքբերումներ եւ հաղթանակներ»:

← Վերադառնալ ցուցակին