Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
22.05.2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է, ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, և ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով Երևանի և Ռիգայի միջև համագործակցության ամրապնդումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ևս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում. «Երևանի և Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջև ձևավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, և ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:
Հաշվի առնելով, որ Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է նաև այդ համատեքստում Երևանում ևս լատվիական կողմի նախաձեռնությամբ և մասնակցությամբ մշակութային միջոցառում իրականացնելու հնարավորությունը, ինչին ի պատասխան ստացել է քաղաքապետի համաձայնությունը: