Լուրեր
Քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
15.05.2014
Մայիսի 15-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության հետ համատեղ կազմակերպել էր մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման հայեցակարգի իրականացման շրջանակներում ծրագրային բյուջետավորման վերաբերյալ աշխատանքային մասնագիտական քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, միջազգային կառույցների փորձագետներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորեց Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության եւ ԱԺ մշտական հանձնաժողովի միջեւ համատեղ իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ ընկերակցության արդյունավետ համագործակցությունը ԱԺ աշխատակազմի հետ: ԱԺ նախագահը նկատեց, որ բյուջետային համակարգի մասին օրենքում տարիների ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, սակայն այն դեռեւս համալրման կարիք ունի եւ առաջիկայում կմշակվեն նոր հայեցակարգեր:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Միանսյանը նշեց, որ հանձնաժողովը ԳՄՀԸ-ի հետ երկար ու համատեղ իրականացրած աշխատանքի փորձ ուի, նաեւ կան ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են եւ այսօր սկսում են նոր ծրագրի իրականացումը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ տեւական ժամանակ է, ինչ կառավարության եւ Աժ-ի կողմից փորձ է արվում ներդնել ծրագրային բյուջետավորման համակարգը Հայաստանում: Ըստ զեկուցողի՝ նոր համակարգը էապես փոխելու է հանրային ֆինանսների կառավարման ողջ փիլիսոփայությունը եւ թույլ է տալու այս գործընթացում յուրաքանչյուր դրամ ծախսել առավել արդյունավետորեն:
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար, «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Դագմար Բոթը նշեց, որ 2009 թ.-ից սկսած Գերմանիայի Դաշնության կառավարության հանձնարարությամբ ԳՄՀԸ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ հանրային ֆիանանսների կառավարման համակարգը բարեփոխելու, այդ թվում նաեւ ծրագրային բյուջետավորմանն անցնելու հարցերում: Ընկերակցության կողմից իրականացվող միջոցառման նպատակն է բարելավել ԾԲ գաղափարի ընկալումը ԱԺ պատգամավորների եւ ԱԺ մշտական հանձնաժողովների աշխատակիցների շրջանում: Նշվեց, որ միջացառման ընթացքում ներկաները տեղեկատվություն կստանան ծրագրային բյուջեի՝ որպես գործիք օգտագործելու վերաբերյալ եւ դրան առնչվող տարրերի մասին: Գրասենյակի ղեկավարը ընդգծեց, որ Հայաստանն արդեն ունի որոշակի փարձառություն եւ գիտելիքներ ծրագրային բյուջետավորման վերաբերյալ եւ այդ պատճառով ընկերակցության մոտեցումը հենվում է միմյանցից սովորելու, փորձի փոխանակման վրա:
ԳՄՀԸ ՀՖԿՀԿ ծրագրի փորձագետ Սուրեն Պողոսյանը հանդես եկավ «Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում» ելույթով: Փարձագետը ներկայացրեց ԾԲ հիմնական տեսակները, Հայաստանում առկա փորձը, օրենսդրական վերջին փոփխություններն ու պահանջները, ինչպես նաեւ խոսեց ԾԲ աշխատանքային գործիքներից եւ Հայաստանի համատեքստում այդ գործիքների կիրառությունից: