Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԻԻՀ դեսպանին

06.05.2014

Մայիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպանը շնորհավորեց Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փոխանցեց Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, շնորհավորանքը եւ վերահաստատեց Իրան պաշտոնական այց կատարելու պարոն Լարիջանիի հրավերը: Նա վստահություն հայտնեց, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր բնագավառներում, նախանշված համատեղ ծրագրերի իրականացումը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Պարոն Սահակյանը բարձր գնահատեց միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ հետագա խորացումը: Ըստ ԱԺ նախագահի` հայկական կողմը կարեւորում է երկկողմ տնտեսական նախագծերի իրագործումը նախատեսված ժամկետներում, ինչը հնարավորություն կտա երկկողմ տնտեսական հարաբերությունները բարձրացնել որակական նոր աստիճանի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

← Վերադառնալ ցուցակին