Լուրեր
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ
29.04.2014
Ապրիլի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Գալուստ Սահակյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Համոզված եմ, որ այդ բարձր պաշտոնում Ձեր՝ փորձառու քաղաքական-պետական գործչի ընտրությունը լուրջ նախադրյալ է Հայաստանի խորհրդարանի արդեն ձեւավորված ավանդույթների պահպանման եւ խորացման համար` ի շահ ներքաղաքական կայունության, երկրի օրենսդրական դաշտի հարստացման ու կատարելագործման:
Կարեւորելով անցած տարիներին Ձեր շահագրգիռ մասնակցությունը Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությանը` վստահ եմ, որ այսուհետ Ձեր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջանքերի շնորհիվ առավել կհարստանան մեր փոխադարձ կապերը ինչպես բովանդակային, այնպես էլ դրսեւորման բազմազանության առումներով:
Օգտվելով առիթից` պատիվ ունեմ հավաստելու Արցախի խորհրդարանականներիս խոր հարգանքը Ձեր նկատմամբ եւ սերտ համագործակցության մեր պատրաստակամությունը՝ հանուն հայ ժողովրդի բարօրության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության զարգացման ու առաջընթացի:
Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները»: