Լուրեր

Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր

25.04.2014

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Իր տեսակի մեջ բացառիկ հուշահամալիրի կառուցումը մեկնարկել էր 2013թ.-ին։ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակին նվիրված համալիրը նաև խորհուրդ է պարունակում. հիշեցնելով կատարված ոճրագործության մասին՝ այլևս երբեք թույլ չտալ, որ նմանատիպ ողբերգությունները կրկնվեն։
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա: Համալիրի 16 խաչքարերը կերտվել են Հայաստանից ներկրված տուֆ քարից։ Համալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, ով ընթերցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, որում մասնավորապես նշված է. «Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին քանիցս է ապացուցվել, որ մենք աշխարհում իրոք շատ բարեկամներ ունենք, ովքեր հարազատի պես անշահախնդիր ընդունել և ապաստան են տվել իրենց հայրենի հողում ապրելու հնարավորությունից և իրավունքից զրկված մեր հազարավոր հայրենակիցներին։ Եվ այս օրը նաև ևս մեկ առիթ է բոլորին ասելու շնորհակալություն»: Դավիթ Գևորգյանը Երևանի քաղաքապետի անունից նաև ծաղկեպսակ է դրել՝ ի հիշատակ անմեղ նահատակների:

Միջոցառմանը մասնակցել են Նիդեռլանդների հայ համայնքի և եվրոպական տարբեր երկրներից հատուկ բացման արարողությանը մասնակցելու համար եկած ավելի քան հինգ հազար մեր հայրենակիցներ, ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել և նահատակների հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցել նաև Հոլանդիայի խորհրդարանի, Ալմելոյի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Նիդեռլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, գիտության և արվեստի գործիչներ: Միջոցառմանը մասնակցել և հոգեհանգստի կարգ է կատարել Նիդեռլանդներում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Արշակ սրբազանը:

 

← Վերադառնալ ցուցակին