Լուրեր

Հանձնաժողովի նիստում

24.04.2014

 Ապրիլի 23-ին գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի՝ բուհ ընդունված ուսանողների հրամանագրման սահմանված ժամկետը չի համապատասխանում ուսանողների հրամանագրման իրական ժամկետին, ուստի այն վերանայման եւ հստակեցման կարիք ունի: Իսկ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է փախստականի կարգավիճակ ունեցող եւ ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների բուհեր ընդունելության եւ ուսումնառության կազմակերպման խնդիրների կարգավորման հետ:

Ինչ վերաբերում է բարձրագույն բժշկական կրթությանը, ապա այսօր համարժեք չեն մագիստրոս եւ կլինիկական օրդինատոր որակավորումները, ուստի բժշկական կրթության հիմնախնդիրների, որակավորումների կարգավորման հետ կապված անհրաժեշտություն է առաջացել վերանայել դրանք:

Հաշվի առնելով բժշկական կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ հիմք ընդունելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ բժշկական կրթության բնագավառում միջազգային փորձը` առաջարկվել է բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի` անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով, իսկ շնորհված կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում հստակեցվել է կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով ուսուցման ժամկետը` որակավորման ուսուցման տեւողությունը սահմանելով առնվազն մեկ տարի:

ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի հեղինակած «Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերի եւ թատրոններին պետական աջակցության ցուցաբերման ձեւերի ու միջոցների, թատրոնի իրավունքների ու պարտականությունների սահմանմամբ:

Պետական թատրոնները, լինելով ոչ առեւտրային կազմակերպություններ, իրենց կազմակերպաիրավական հարաբերությունները կարգավորում են «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, սակայն կազմակերպությունների ոչ բոլոր հարաբերություններն են կարգավորվում հիշյալ օրենքով, մասնավորապես, թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի գործառույթների համատեղ իրականացման իրավասությունները, գեղարվեստական ղեկավարի իրավասությունները, թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձեւերն ու սկզբունքները: Այս օրենքի ընդունմամբ կկարգավորվեն վերը նշված հարաբերությունները, ինչը խթան կհանդիսանա թատերական գործունեության կանոնադրական բնականոն գործընթացի իրականացմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերին՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ. գործունեության մասին հաղորդումը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Ըստ զեկուցողի՝ 2013թ. ՀՀ-ում գործել են 97 հեռուսատաընկերություն, որից 44-ը՝ վերգետնյա եթերային, 53-ը՝ կաբելային հեռարձակում իրականացնող՝ թվով 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովը ստացել եւ ուսումնասիրել է հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանների տվյալները, վարել է դրանց տեղեկատվական բազան, իրականացրել է իր ուղղակի դիտարկումների եւ ընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության համադրում, ինչպես նաեւ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման օրինականությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովը ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրության պահանջների վերաբերյալ խախտումներ չի արձանագրել: Հանձնաժողով մուտքագրվել է 731 գրություն, 13 դիմում-բողոք, որոնց պատասխանվել է համաձայն գործող օրենսդրական ակտերի: Հանձնաժողովը հաղորդումն ընդունեց ի գիտություն:

 

← Վերադառնալ ցուցակին