Լուրեր
Հանդիպումներ Վիլնյուսում
08.04.2014
Ապրիլի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի աշխատանքներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ ունեցավ Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեայի եւ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ` նրանց նախաձեռնությամբ:
ՀՀ ԱԺ նախագահի եւ Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռումինական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին:
ԱԺ նախագահը նշեց, որ հայ-ռումինական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական բաղադրիչը եւ անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացումը եւ խորացումը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ եւ իր մտահոգությունը հայտնեց հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Ռումինիայի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան նույնպես կարեւորեց երկու երկրների հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը: Հայ-ռումինական միջխորհրդարանական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը զարգացնելու նպատակով նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռումինիա:
Կողմերը կարեւորեցին նաեւ տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների խորհրդարանականների սերտ համագործակցությունը: Անհրաժեշտ համարվեց տնտեսական համագործակցության զարգացումը, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ նախագահի եւ Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, տնտեսական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:
ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Չեխիայի հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը, քաղաքական երկխոսության շարունակականությունը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնումը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց միջխորհրդարանական հարաբերությունների առկա բարձր մակարդակի կապակցությամբ: ԱԺ նախագահը անդրադարձավ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահը կարեւորեց միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը: Նրա խոսքով` այսօր բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում, պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում եւ այս համատեքստում նշեց, որ Չեխիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խումբը ամենամեծն է պատգամավորների թվով:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Քեսաբում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային այլ խնդիրների:
Հովիկ Աբրահամյանը իր չեխ գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան: