Լուրեր

Հանդիպում խորհրդարանում

21.03.2014

Մարտի 21-ին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյի հետ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ -ի գենդերային հարցերով խորհրդատու Կրիստին վան դեր Լեեստը տիկին Նաղդալյանին ծանոթացրեց գրասենյակի առաջիկա ծրագրերին: Նա նշեց, որ նախատեսվում են հանդիպումներ ՀՀ քաղաքական կուսակցությունների անդամների հետ, խորհրդակցություններ կին քաղաքական գործիչների հետ. նպատակն է ուսումնասիրել կանանց ներգրավվածությունը քաղաքական կուսակցություններում, խորհրդարանում, կառավարությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպվող մարտի վերջում կայանալիք հայ եւ վրացի կին խորհրդարանականների հանդիպումը:

Տիկին Նաղդալյանը ներկայացրեց հայ կանանց մասնակցությունը հասարակական եւ քաղաքական կյանքին: ԱԺ փոխնախագահը նշեց, որ այսօր Ազգային ժողովում 14 կին պատգամավոր կա, որոնք կազմում են ընդհանուր թվի 10 տոկոսը: Տիկին Նաղդալյանը խոսքով` ՀՀԿ-ն ունի կանանց խորհուրդ՝ կենտրոնական, մարզային, տարածքային մակարդակներով, եւ այսօր կանանց թիվը կուսակցությունում մոտ 80 հազարի է հասել: Տիկին Նաղդալյանը նշեց, որ կանայք պիտի իրենց ներդրումն ունենան պետության քաղաքական կյանքում:  

← Վերադառնալ ցուցակին