Լուրեր
Ազգային ժողովի նախագահը Ժնեւում երկկողմ հանդիպումներ ունեցավ
19.03.2014
 
							ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 19-ին մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի երրորդ օրվա աշխատանքներին: 
Ազգային ժողովի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ: 
Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ ԱՄԷ խորհրդարանների միջեւ համագործակցության հարցերը` երկուստեք ընդգծելով փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: 
Փոխըմբռնման մթնոլորտում զրուցակիցները կարեւորեցին խաղաղությունը եւ կայունությունը տարածաշրջանում, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխադարձ այցերը, շփումները, ինչը կարող է խթան հանդիսանալ ինչպես միջխորհրդարանական կապերի, այնպես էլ միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացման ու ամրապնդման համար: 
Հովիկ Աբրահամյանը եւ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրը կարեւոր համարեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացումը եւ խորացումը, անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: 
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱՄԷ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Ահմադ Ալ Մուրին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց: 
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի հետ հանդիպման ժամանակ եւս քննարկվեցին միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ փոխադարձ կարեւորություն ներկայացնող մի շարք հարցեր: 
Կողմերը գոհունակությամբ փաստեցին, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում, ակտիվացել են միջպետական եւ միջխորհրդարանական կապերը, տնտեսական համագործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւոր համարեցին միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտությունը, խորհրդարանական դիվանագիտության դերը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: 
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Քուվեյթ: 
