Լուրեր

Քննարկվել են առողջապահության ոլորտում ներդրումային հնարավոր համատեղ ծրագրերին առնչվող հարցեր

13.03.2014

 Երևանի քաղաքապետարանում հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ առողջապահության ոլորտին առնչվող մի շարք համատեղ ներդրումային ծրագրերի վերաբերյալ առաջարկներ են քննարկվել «Առողջապահություն և դեղագործություն» EXPO 2014 ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնությունից ժամանած գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանը և ՀՀ-ում ՌԴ առևտրային պալատի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
Քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցելու համագործակցության կայացման և ընդլայնման գործում:
Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն էլ համառոտ կերպով ներկայացրել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական հաստատությունների հիմնական ուղղություններն ու ներդրումային այն ծրագրերը, որոնք կարող են առավել հետաքրքրել ռուսական ընկերություններին:
Ռուսաստանյան առողջապահական ընկերությունների ներկայացուցիչները, իրենց հերթին ներկայացնելով առաջակվող արտադրանքն ու ծառայությունները, հատկանշել են Երևանի քաղաքապետարանի հետ արդյունավետ փոխգործակցության իրենց շահագրգռվածությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս կազմակերպելու հանդիպում-քննարկում՝ համագործակցության առավել որոշակի առաջարկների շուրջ բանակցելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին