Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի արտաքին գործերի նախարարին
10.03.2014
Մարտի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը` նշեց, որ նախարարի այցը Հայաստան կնպաստի միջպետական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ընդլայնմանը: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշեց, որ խորհրդարանների միջեւ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն: Պարոն Աբրահամյանը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների պատգամավորների փոխայցելությունները, բարեկամական խմբերի փոխգործակցությունը: Երկկողմ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարեւոր համարեց Սերբիայի հետ առեւտրա-տնտեսական կապերի խթանումը, ինչին կնպաստի նախարարի այցի ընթացքում անցկացվող հայ-սերբական գործարար համաժողովը: Հովիկ Աբրահամյանի կարծիքով` այն խթան կհանդիսանա գործարար կապերի ամրապնդման, փոխադարձ ներդրումների եւ նոր նախագծերի իրագործման, ինչպես նաեւ համագործակցության համար առաջնահերթ նոր ոլորտների ուրվագծման համար:
Իվան Մրկիչը Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Սերբիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները եւ պաշտոնական այցի հրավերը: Նա նույնպես ընդգծեց միջխորհրդարանական կապերի սերտացման անհրաժեշտությունը բոլոր մակարդակներում` երկու երկրների հարաբերությունների զարգացման առումով մեծ դերակատարություն վերապահելով խորհրդարանական դիվանագիտությանը: Նրա համոզմամբ` եւս անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը տնտեսության ոլորտում: Երկուստեք կարեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային հարցերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Սերբիայի արտգործնախարարը նշեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մադրիդյան սկզբունքների հիման վրա: