Լուրեր

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանցկացվի «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիա

03.03.2014

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են 2012-2013թթ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերությունները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց և սեղմ ժամկետում նույն շինարարների միջոցներով վերացնել առկա թերությունները:
«Կապալառու կազմակերպությունները, համաձայն պայմանագրի, պարտավոր են ապահովել իրենց կողմից ասֆալտապատված ճանապարհների սպասարկումը: Յուրաքանչյուր տարի պետք է գույքագրել նկատված թերությունները և ներկայացնել համապատասխան կազմակերպություն՝ սեփական միջոցների հաշվին դրանք վերացնելու համար: Նշված աշխատանքների իրականացման, դրանց ծավալների, ինչպես նաև նախորդ տարիներին կատարված աշխատանքների մասին պարբերաբար պետք է իրազեկել հանրությանը, որպեսզի բոլորն իմանան, որ տվյալ աշխատանքներն իրականացվում են բացառապես կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հաշվի առնելով տաքսիների վարորդների շահերը պաշտպանող կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տաքսիների նոր կայանատեղերի ստեղծման հնարավոր վայրերի վերաբերյալ:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի կանոնակարգման աշխատանքների շրջանակում հայտաբերվել է ապօրինի առևտրի 2 դեպք, որոնց մասով ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ և կանխվել հետագա գործունեությունը:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգու, ինչպես նաև զբոսայգու հարակից տարածքը կահավորվել է շուրջօրյա գործող տեսախցիկներով:
Զեկուցվել է, որ Նոր Խարբերդ թաղամասում շարունակվում են անխափան էլեկտրամատակարարման, գազիֆիկացման և ջրամատակարարման ուղղությամբ աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի լիազորության շրջանակում համապատասխան աջակցություն ցուցաբերել Նոր Խարբերդ թաղամասի բնակիչներին՝ գույքի պետական գրանցման աշխատանքների իրականացման գործընթացում:
Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքի հետ կապված՝ զեկուցվել է, որ դրանք սահմանված ժամանակացույցով շարունակվում են ճանապարհի ամբողջ երկայնքով:
Զեկուցվել է, որ տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում ձևավորված պարտադիր բարեկարգման և կանաչապատման բազայում ներբեռնվել են ավելի քան 14 հազար օբյեկտի վերաբերյալ տվյալներ, որոնցում ներառված են նաև տրամադրված սխեմաները, նախազգուշացումները:
Անդրադառնալով Հյուսիսային պողոտայում ընթացող բարեկարգման աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. «Պողոտայում ընթացող աշխատանքները քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հերթական օրինակներից մեկն է: Այդ աշխատանքներն իրականացվում են ներդրումային ծրագրի շրջանակում, բացառապես գործընկեր մասնավոր ընկերության միջոցների հաշվին և համայնքային բյուջեից այդ նպատակով որևէ ծախս չի կատարվում: Ի դեպ նման համագործակցության օրինակներ էլի ունենք, և մեր համաքաղաքացիները շուտով նաև դրանց մասին կտեղեկանան»,-ընդգծել է քաղաքապետը:
Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում:
Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման և անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաև մասնավոր բուժհաստատություններին:
Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:
Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկայացրել է արտաքին կապերի բնագավառում, մասնավորապես, Երևանի և քույր ու գործընկեր քաղաքների հետ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Այնուհետ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը ներկայացրել է վարչության կողմից Երևանում ներդրումային դաշտի ընդլայնման ուղղությամբ 2013թ. կատարված աշխատանքները: Մասնավորապես ներկայացվել են ինչպես տեղական ներդրողների, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանն իր հերթին ներկայացրել է վարչության կողմից՝ ոլորտում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

← Վերադառնալ ցուցակին