Լուրեր
Մեկնարկել են Համահայկական ձմեռային առաջին խաղերը
25.02.2014

Ծաղկաձորում Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման հանդիասավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր:
Ողջունելով ձմեռային խաղերի մասնակիցներին և հյուրերին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել ու այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: Վերահաստատելով համահայկական խաղերի կարևոր դերակատարումը Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցում՝ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակիցներին մաղթել է արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել է բացված:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ, Համաշխարհային խաղերի համահայկական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն էլ, իր հերթին ողջունելով մասնակիցներին և ներկաներին, մեկ անգամ ևս կարևորելով համահայկական խաղերի անցկացման դերը աշխարհասփյուռ հայերի համախմբման հարցում, հույս է հայտնել, որ ձմեռային խաղերի անցկացումը ևս կդառնա ավանդական ու կընդլայնի աշխարհագրությունը: Իշխան Զաքարյանն իր խոսքում նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերի անցկացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Առաջին անգամ անցկացվող Համահայկական ձմեռային խաղերին մասնակցում են շուրջ 400 մարզիկներ, աշխարհի 11 պետություններից: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունը ևս ակտիվ մասնակցություն է ունենալու: Ընդ որում, Երևանի թիմը մարզիկներ է հայտավորել բոլոր մարզաձևերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու և հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները: Այդ համատեքստում ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ - մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը:
Փետրվարի 24-ից մարտի 2-ը անցկացվող ձմեռային համահայկական առաջին խաղերի ծրագրում ընդգրկված է 4 մարզաձև՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: