Լուրեր

Մարտի 5-ից կմեկնարկեն մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքները

24.02.2014

 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մարտի 5-ից հստակ ժամանակացույցով մայրաքաղաքում կմեկնարկեն կանաչապատման աշխատանքները: Նշվել է, որ արտերկրից ներկրվում են համապատասխան ծաղկասածիլներ, ՀՀ մարզերից էլ բուսահող է տեղափոխվելու: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել ծառերի սանիտարական էտին, անհրաժեշտության դեպքում ներգրավել լրացուցիչ աշխատուժ, նաև համապատասխան տեխնիկա՝ շինարարական գործընկեր կազմակերպություններից:
«Գլխավոր դիզայների հետ համատեղ պետք է աշխատանքներ տանել, որպեսզի էտման աշխատանքների շրջանակում հատկապես վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղակայված ծառերը, որոնց հնարավոր է գեղարվեստական ձևավորում տալ, էտվեն համապատասխան կերպով: Բացի այդ, մենք, որպես առաջնահերթություն, շեշտադրել ենք նաև կանաչ տարածքների ավելացումն ու այդ ուղղությամբ, հատկապես վերջին 2-3 տարիներին, նպատակային աշխատանքներ ենք իրականացնում: Այդ համատեքստում է նաև այս տարի նախատեսված շուրջ 10 այգիների բարեկարգումը: Ընդ որում, հարկ եմ համարում ընդգծել, որ մասնավորապես այդ տարածքներն ավելի քան 40 տարի մատնված են եղել անուշադրության»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաև հավելել, որ 2014-ի բակերի բարեկարգման ծրագրի շրջանակում ևս շարունակվելու է հետևողական ուշադրությունը կանաչ տարածքների պահպանման ու դրանց ընդլայնման ուղղությամբ: Քաղաքապետը նաև նշել է, որ այս տարի, նախատեսված 400 բակերի բարեկարգմանը զուգահեռ, արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մասնավոր ընկերությունների հետ ևս 200 բակերի բարեկարգման մասով:

Զեկուցվել է, որ կանաչապատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նաև տնտեսվարողների հետ՝ ծանուցելով հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման պարտադիր պայմանների մասին: Զուգահեռ տրամադրվում են նաև կանաչապատման ենթակա տարածքների սխեմաները:
Խորհրդակցության մասնակիցներին քաղաքապետը տեղեկացրել է, որ հանգստյան օրերին անձամբ շրջայցեր է կատարել վարչական շրջաններում՝ ընթացող սանիտարական մաքրման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Ընդհանուր առմամբ դեռևս ոչ բավարար գնահատելով իրականացվող աշխատանքների ընթացքը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել մաքրության ապահովման նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողությունը.
«Չնայած մայրաքաղաքի մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվում են նկատելի աշխատանքներ, սակայն դրանք բավարար չեն: Պետք է վերանայել և խստացնել աղբահանության իրականացման ժամանակացույցը հատկապես հանգստայն օրերին՝ ապահովելով մեր համաքաղաքացիների համար ցանկալի արդյունք: Ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև երկրորդական փողոցներն ու բակային տարածքները: Օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նաև շինարարական աղբի կուտակման դեպքերը բացառելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից սեփականություն հանդիսացող, սակայն չօգտագործվող տարածքներում համապատասխան մաքության ապահովման համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ոլորտի պատասխանատուներին հանձնարարել առկա խնդիրները հնարավորին շուտ հայտնաբերելու և լուծումներ տալու համար պարբերաբար շրջայցեր կատարել: Հանձնարարվել է նաև աշխատանքներում ներգրավել քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին:

Զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պատասխանատուների մասնակցությամբ շարունակվում են ստուգայցերը մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի վերահսկման ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ մայրաքաղաքի 26 մանկապարտեզներ կատարած ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Զեկուցվել է նաև, որ թերացումների և խախտումների պատճառով նախկինում վաչական շրջաններից ստացված արձանագրությունների հիման վրա միակողմանի լուծվել են 4 կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը և տվյալներն ուղարկվել են ՀՀ ֆինանսների նախարարություն՝ տվյալ ընկերություններին գնումների գործընթացին մասնակցության հայտ ներկայացնելու թույլտվության «սև ցուցակում» ներառելու առաջարկությամբ:
«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ մանկապարտեզներին ոչ պատշաճ սննդի մատակարարման դեպքերի արձանագրման հարցում լինելու ենք կոշտ և ձեռնարկելու ենք համապատասխան քայլեր տվյալ մատակարարներին, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ նման կոշտ մոտեցումն այս հարցում ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտ: Եվ ընդհանրապես, գնումների գործընթացով իրականացվող ծառայությունների գնման ցանկացած գործարքի մասով ենք կիրառելու այս կոշտ մոտեցումը, որպեսզի բացառենք անորակ ծառայությունների մատուցումը: Նաև նմանատիպ բոլոր դեպքերով պետք է օրենքով սահմանված կարգով տվյալ կազմակերպություններին վարչական պատասխանատվության ենթարկենք, որպեսզի որևէ մեկին չթվա, որ կարող է իրեն թույլ տալ անորակ ծառայություն մատուցել ու մնալ անպատիժ»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանձնարարվել է նաև կանոնակարգել և խիստ հսկողության տակ պահել ստորգետնյա հետիոտնային անցումներում կազմակերպվող առևտրի գործընթացը:
Ներքաղաքային միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների սպասարկման համար հայտարարված, սակայն հայտեր չլինելու պատճառով չկայացած մրցույթի հետ կապված՝ զեկուցվել է, որ հայտարարվել է նոր մրցույթ, որը կկայանա ապրիլի 10-ին: Այս ուղղությամբ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով պարբերաբար հանրությանն ու հնարավոր շահագրգիռ կազմակերպություններին տեղեկացնել մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների մասին:
Պատասխանատուներին հանձնարարվել է նաև գույքագրել 2012-2013թթ. ընթացքում իրականացված ասֆալտապատման աշխատանքներում նկատված թերություններն ու պարտավորեցնել կապալառու կազմակերպություններին, կնքված պայմանագրերի համաձայն, իրենց միջոցների հաշվին վերացնել թերությունները:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև գույքագրել կառուցապատման աշխատանքների իրականացման նպատակով ներկայում ժամանակավորապես փակ փողոցները և քայլեր ձեռնարկել դրանց հնարավորին արագ շահագործման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ ամբողջությամբ պատրաստ են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագծերն ու արդեն իսկ մեկնարկել են բուն աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին