Լուրեր

Հանրակացարանային շենքի ինքնափլուզումը հսկողության տակ էր

12.02.2014

 Փետրվարի 12-ին, ժ. 05։15-ի սահմաններում փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքը. փլուզման պահին ո՛չ շենքի ներսում և ո՛չ էլ շրջակայքում որևէ անձ, բնակիչ չի եղել, քանի որ շենքը գտնվել է Երևանի քաղաքապետարանի հսկողության տակ։ Մասնավորապես, հաշվի առնելով շենքի փլուզման վտանգը, մասնաշենքի բոլոր բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականի առաջին կիսամյակում. Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ շենքը ենթակա էր քանդման, ուստի այն հսկողության տակ պահելու համար նշանակված է եղել պատասխանատու, շենքի մուտքերը շինարարական եղանակով՝ քարով, փակված և կնքված են եղել՝ մարդկանց մուտքը կանխելու նպատակով։
Հանրակացարանային շենքի բնակիչներին վերաբնակեցնելուց հետո Շենգավիթ վարչական շրջանի կողմից շենքի հսկողությունն իրականացնելու համար լիազոր ներկայացուցիչ նշանակված Հարություն Հարոյանը նշել է, որ շենքի փլուզված մասնաշենքը մշտական հսկողության տակ է եղել, որպեսզի որևէ մեկը, մինչ քանդման աշխատանքներն սկսելը, մուտք չգործի փլուզման վտանգ ներկայացնող շինություն։
<<Հանրակացարանի երկու մասնաշենքերն էլ արդեն 3 օր է նախապատրաստվում են քանդման աշխատանքներն սկսելուն։ Հաշվի առնելով շենքի վթարայնության աստիճանը` հանրակացարանային շենքի 2 մասնաշենքերի բնակիչները վերաբնակեցվել են դեռևս 2013 թվականին։ Մինչ շենքի առաջին մասնաշենքի ինքնափլուզվելը, շենքի երկրորդ մասնաշենքում դեռևս բնակվում էին 2 ընտանիքներ, որոնք չէին տեղափոխվում հատկացված բնակարաններ՝ փաստաթղթերի և ներընտանեկան խնդիրների պատճառով։ Նրանց առաջարկեցինք հրատապ կերպով տեղափոխվել դեռևս 2013-ին իրենց հատկացված բնակարանները և թվարկված խնդիրների լուծմամբ զբաղվել՝ բնակվելով նոր բնակարաններում>>,- ընդգծել է Վահե Նիկոյանը։

← Վերադառնալ ցուցակին