Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

05.02.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով, ըստ ոլորտների, ձեռնարկվում են լուրջ քայլեր:
<<Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ գործընկերային երկուստեք կապեր կհաստատենք ինչպես Երևանի և Տալլինի, այնպես էլ Էստոնիայի այլ քաղաքների միջև>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պրիիտ Տուրկն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Էստոնիայի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
<<Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, և ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով՝ դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, և արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները>>,- նշել է դեսպանը:
Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է նաև գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ և մշակել համագործակցության համապարփակ ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին