Լուրեր
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանին
31.01.2014
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք մեր երկրում: Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայ-իտալական դարավոր բարեկամական հարաբերությունների հիմքում ընկած են հարուստ պատմական և մշակութային կապերը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի դրանց:
Դեսպան Ռիչուլլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավաստիացնելով, որ պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորինս՝ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում համագործակցության հեռանկարներին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնմամբ և ի դեմս Իտալիայի ակնկալում է ակտիվ գործընկերոջ աջակցությունն այդ հարցում:
Երկուստեք անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական համագործակցության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը: Այդ համատեքստում կարևորվել է հայ և իտալացի գործարարների միջև կապերի ակտիվացումը, համատեղ բիզնես ծրագրերի իրականացումը: