Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է Top Ten Award-ի հատուկ մրցանակի
21.01.2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է <<Top Ten Award>> միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երևանում:
<<Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում անցկացնելն արդեն իսկ վկայում է միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության և մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները: Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երևանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
<<Գեյբլսմիդ>> ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար՝ նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումն ընկերության համար մեծ պատիվ է:
Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին: Ըստ այդմ, <<Top Ten Award>> մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին:
Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե և գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երևանի քաղաքապետարանին շնորհվել է <<Top Ten Award>> ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար <<Top Ten Award>>-ի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:
Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը ևս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:
Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երևանի ավագանու <<Հանրապետական կուսակցություն>> խմբակցության անդամ Ենոք Ազարյանը: