Լուրեր

Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

13.01.2014

 Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվերակության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նիստի մասնակիցներն ընտրել են նաև նախագահության, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի անդամներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհակալություն և գոհունակություն հայտնելով վստահության ու ֆեդերացիայի նախկին ղեկավարի կողմից կատարած աշխատանքների համար, նկատել է, որ անցած ժամանակահատվածում ֆեդերացիան իսկապես գրանցել է լուրջ ձեռքբերումներ:
Ի լրումն, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի նախկին նախագահին և հավելել, որ այսուհետ ևս ֆեդերացիայի գործունեությունը կլինի թափանցիկ, ու մոտ ապագայում արդեն շախմատասեր հանրության համար էլ ավելի տեսանելի կլինեն ոչ միայն ֆեդերացիայում կատարվող աշխատանքները, այլև դրանց արդյունքում արձանագրված նորանոր հաջողություններն ու ձեռքբերումները:
Քաղաքապետն առանձնացրել է նաև բոլոր այն քայլերը, որոնք արդեն իսկ իրականացվում են մայրաքաղաքում շախմատի զարգացման ու զանգվածայնացման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին