Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

11.12.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Երևանի ու Ռիգայի միջև ձևավորված բարեկամական ջերմ հարաբերությունները, որոնք այս տարվա հուլիսին կնքված եղբայրացման մասին համաձայնագրով էլ ավելի ամրապնդվեցին, արդեն իսկ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. <<Երևանի և Ռիգայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների և ժողովուրդների բարեկամության վրա, որի ապացույցն են վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը: Վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել Ռիգայում ստորագրված եղբայրացման մասին համաձայնագրով նախատեսված բոլոր կետերը և իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների>>,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, կարևորելով հայկական կողմի պատրաստակամությունն ու որդեգրած քաղաքականությունը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ևս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելուն. <<Երևանի և Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջև ձևավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, և ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը>>,- նշել է Էլիտա Գավելեն:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Ռիգայի գործարար շրջանակների միջև ևս համագործակցությունն առավել առարկայական դարձնելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին