Լուրեր

Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համագործակցության համաձայնագիր

21.11.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Էլ-Քուվեյթի նահանգապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար, ու համոզմունք է հայտնել, որ այս այցը երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ ու բարեկամական հարաբերությունները կտեղափոխի նոր հարթություն:
<<Հայ-քուվեյթյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Եվ այդ հարաբերությունները կրում են ոչ միայն գործնական, այլև բարեկամական բնույթ, որի խոսուն ապացույցն է արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը՝ համոզված եմ, որ մենք ևս երկու մայրաքաղաքների միջև կհաստատենք երկկողմ բարեկամական ու փոխշահավետ կապեր, ինչն էլ ավելի կամրապնդի ու կզարգացնի երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահն էլ, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, առանձնակի կարևորել է երկու քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն ուղված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը:
<<Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու և արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, և պետք է ընդգծեմ, որ մենք ևս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երևանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններ հաստատելու և ամրապնդելու: Վստահեցնում եմ, որ արդեն առաջիկայում Երևանն ու Էլ-Քուվեյթը կստորագրեն համապատասխան համաձայնագիր, որի շրջանակում էլ կծավալվի մեր համագործակցությունը>>,- ընդգծել է Շեյխ Ալի ալ- Ջաբեր ալ-Սաբահը:
Հյուրին ներկայացնելով Երևան քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ քաղաքապետը կարևորել է նաև գործարար շրջանակների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: Տարոն Մարգարյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում. <<Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է քննարկելու համագործակցության կոնկրետ ծրագրեր և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Ըստ այդմ, նաև Ձեր անմիջական նախաձեռնողականությունն ենք ակնկալում, պարոն նահանգապետ, Էլ-Քուվեյթի մասնավոր ընկերություններին Երևանի ներդրումային ծրագրերը ներկայացնելու և դրանց իրականացմանը ներգրավելու հարցում>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև ստորագրվելիք համաձայնագիրը:

← Վերադառնալ ցուցակին