Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ

18.11.2013

 Սիրելի ուսանողներ,

Նոյեմբերի 17-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը ևս մեկ առիթ է ընդգծելու երիտասարդության ներուժն առավել նպատակային ու արդյունավետ օգտագործելու կարևորությունը: Չկա մի ոլորտ, որում առկա հիմնահարցերն այս կամ այն կերպ չառնչվեն երիտասարդության ու մասնավորապես ուսանողության հետ:
Ողջունելի է, որ մեր անկախության առաջին տարիներին բուհերում սկսված ուսանողական շարժումների արդյունքում գրեթե բոլոր բուհերում ձևավորված ուսանողական ինքնակառավարման մարմիններն այսօր հանդես են գալիս որպես ինքնուրույն, կազմակերպված կառույցներ՝ իրենց գործուն մասնակցությունը բերելով արդեն ոչ միայն ուսումնական հաստատությունների կառավարման, կազմակերպչական և գիտակրթական գործընթացներին, այլև հասարակական կյանքի բոլոր դրսևորումներին:

Սիրելի ուսանողներ,
Որպես մեր նախնիներից մեզ փոխանցված լավագույն արժեքների կրողների, հատկապես հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի կայուն զարգացման ու հզորացման, ավելի հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու պատասխանատու գործը:
Եվ համոզված եմ, որ աշխատասիրությամբ, նախանշած նպատակին հասնելու անկոտրում կամքով, սկսած գործին անմնացորդ նվիրումով դուք ընդունակ եք հաղթահարելու ցանկացած դժվարություն և մեկտեղելով ազգանվեր ու հայրենասեր բոլոր ջանքերը՝ դարձնել մեր երկիրն այնպիսին, ինչպիսին երազում է տեսնել մեզանից յուրաքանչյուրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ ձեր բոլոր նախաձեռնությունների հիմքում լինեն համամարդկային բարձր արժեքները և որ ձեր ցանկացած գործունեության մղումը լինի ազնիվ, ուղղված վեհ նպատակների իրականացմանը:

← Վերադառնալ ցուցակին