Լուրեր
Երևանի և Փարիզի քաղաքապետերը քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր
16.11.2013
Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին ու Ավետիք Իսահակյանի անվան գրադարանին ցուցաբերած գործուն աջակցության համար և հույս հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև Երևանի և Փարիզի միջև առկա հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունների շրջանակը: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն նախ, որպես Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, ողջունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը համաժողովի աշխատանքներին և իր հերթին կարևորել Փարիզի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը: Նա նաև վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը առկա հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև համաժողովի այլ մասնակիցների հետ: