Լուրեր
Ազգային ժողովի քառօրյա նիստում
13.11.2013
Նոյեմբերի 13-ին խորհրդարանը շարունակեց աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրենքի նախագիծը: Մինչ քվեարկությունը` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իշխող քաղաքական կոալիցիան չի մասնակցելու ԼՂՀ ճանաչմանը վերաբերող օրենքի նախագծի քվեարկությանը:«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրին, որ իրենց խմակցությունները եւս չեն մասնակցելու օրինագծի քվեարկությանը: Քվեարկության արդյունքում որոշում չընդունվեց:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանն իր դիմումի համաձայն վայր է դնում իր պատգամավորական մանդատը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքներին հետեւող Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի մի խումբ ուսուցիչների եւ աշակերտների:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացրած՝ 2013 թվականի հուլիսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Երեւանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրի քննարկումը: Համաձայնագրով նախատեսվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ստանալ 7 մլն ԱՄՆ դոլար գումարի վարկ, որը կուղղվի Երեւանի ջրամատակարարման բարելավման աշխատանքներին:
Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Նա հորդորեց կառավարությանը նման վարկային համաձայնագրերին կից ներկայացնել ծախսային ուղղությունների եւ բաղադրիչների վերաբերյալ տեղեկանք:
Դրական էր նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը. այն ներկայացրեց հանձնաժողովի անդամ Խոսրով Հարությունյանը: Ըստ պատգամավորի՝ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կընձեռի ապահովել որակական ցուցանիշներ ջրամատակարարման ոլորտում:
Այնուհետեւ Ազգային ժողովը վերսկսեց «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ 2014 թվականին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը` ապահովելով կայուն տնտեսական աճ: Ըստ նախարարի՝ ներկայացված բյուջեի նախագծի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ կառավարությունը ներկայացնում է պետական բյուջեի նախագիծը ծրագրային ձեւաչափով: Նշվեց, որ գալիք տարվա պետական բյուջեի նախագծի եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 տրլն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 244 մլրդ 950 մլն դրամ եւ դեֆիցիտի գծով 110 մլրդ 534 մլն դրամ: Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2014 թվականի համար ծրագրվել են 1 092.3 մլրդ դրամի չափով: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալները, կազմն ու կառուցվածքը ձեւավորվել են՝ ելնելով ՀՀ կառավարության հիմնական ռազմավարական գերակայություններից, 2014 թվականի մակրոտնտեսական կանխատեսումներից, գների եւ սակագների կանխատեսվող ցուցանիշներից, հանրապետությունում տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքը խաթարող նոր բյուջետային պարտքերի չառաջացման անհրաժեշտությունից ու առանձին ծախսատեսակների գծով մշակված բյուջետային նորմատիվներից:
ԱԺ նախագահը հետաքրքրվեց, թե ինչ միջոցներ է առաջարկում ֆինանսների նախարարությունը՝ կրճատելու ստվերը եւ թեթեւացնելու վարչարարության բեռը բիզնեսի վրա: Դավիթ Սարգսյանը նշեց, որ 2014 թ.-ին կառավարությունը չի նախատեսում վարչարարության լրացուցիչ ավելացում, ինչը նշանակում է հարկահավաքման 99 մլրդ 200 մլն դրամ գումարի հիմնական մուտքային աղբյուրը պայմանավորված է լինելու երեք հիմնական գործոնով՝ տնտեսական աճ, գների բարձրացում եւ վարչարարական միջոցառումներ: Նախարարը նաեւ հիշեցրեց, որ դեռեւս 2012թ.-ին ու 2013թ.-ին սկսված վարչարարական միջոցառումները դեռեւս լիարժեք չեն գործում: Խորհրդարանի ղեկավարին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք էկոնոմիկայի նախարարությունը ներգրավված է եղել բյուջեի եկամտային մասի կազմման գործընթացում, տվել է երկրի տնտեսության տարբեր ճյուղերի վրա ազդեցության գնահատականներ: «Էկոնոմիկայի նախարարության դերակատարումը եկամտային մասի գնահատման մեջ առկա է, ինչպես եւ այլ նախարարություններինը»,-ասաց նախարարը: Հովիկ Աբրահամյանի հաջորդ հարցը վերաբերում էր՝ ֆինանսների նախարարության կողմից հարկային օրենսգրքի մշակմանը: Նախարարն ասաց, որ 2009 թ-ին հարկային օրեսգրքի մշակումն ավարտվել էր ճնգաճամի հետ կապված, հիմա հնարավոր է այդ աշխատանքները շարունակվեն:
ՀՀ ֆինանսների նախարարը պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին օտարերկրյա ներդրումների ծավալներին, Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին ԽՍՀՄ ավանդների փոխհատուցմանը, պետական գնումների ոլորտում հսկիչ գների սահմանմանը, համայնքներին տրամադրվող պետական աջակցության շարունակականությանը, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը:
«ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ գնահատմամբ՝ 2014 թ.-ի պետական բյուջեի ծրագիրը հիմնված է ՀՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի առանցքային հիմնադրույթների վրա եւ արտացոլում է մակրոտնտեսական կայունության ապահովմանը եւ տնտեսական կայուն աճի խթանմանը նպաստող ՀՀ կառավարության կողմից իրականացրած միջոցառումների շարունակականությունը: 2014 թ.-ին նախատեսվում է բյուջեի պակասուրդը ապահովել ՀՆԱ-ի 2.3 տոկոս սահմաններում: Արթուր Ջավադյանը նշեց, որ 2014 թ.-ին նախատեսվում է պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացման եւ կենսաթոշակների աճի միջոցով խթանել պետական սպառումը, ինչը կնպաստի 2014 թ.-ի տնտեսական աճի արագացմանը:
«ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ԱԺ-ի նոյեմբերի 14-ի նիստում:
ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների ու կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին: