Լուրեր
Առաջիկայում զբոսաշրջային ճանաչողական այցեր կկազմակերպվեն դեպի ԼՂՀ
13.11.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ԼՂՀ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի գլխավորությամբ զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներն այցելել են նաև ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն:
Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը առանձնակի կարևորել է Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված փոխշահավետ համագործակցությունը և ընդգծել, որ երևանյան կողմի պատրաստակամության ու ջանքերի շնորհիվ փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու արդեն տեսանելի են այդ համագործակցության արդյունքները: Սերգեյ Շահվերդյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում արդյունքներն էլ ավելի շոշափելի կլինեն նաև զբոսաշրջության ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Բարաղամյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է համատեղ ծրագրեր իրականացնել դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու ուղղությամբ:
Նա նաև հավելել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան առաջիկայում զբոսաշրջային ճանաչողական այցեր կազմակերպել դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: