Լուրեր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <<Գթության խոհանոց>> բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը
23.10.2013
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Գերմանական կարմիր խաչի <<Հուսո տուն>> և մասնակցել <<Գթության խոհանոց>> բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացմանը:
Տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի կինը: Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ իրականացվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են շուրջ 400 տարեց շահառուներ:
Ողջունելով ներկաներին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին:
<<Սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են, և մենք մշտապես պատրաստ ենք համապատասխան աջակցություն ցուցաբերելու: Վստահ եղեք, որ միշտ լինելու ենք ձեր կողքին և փորձելու ենք սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում լուծումներ տալ մայրաքաղաքում առկա սոցիալական տարբեր խնդիրների>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպությանը՝ մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար:
<<Գթության խոհանոց>> բարեգործական ծրագրի 20-րդ տարեշրջանի բացումն ազդարարվել է խորհրդանշական զանգի հնչյուններով:
Ողջույնի իր խոսքում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ, քահանա Կառլ-Հայնց Շայդեն շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար:
Ընդհանուր առմամբ այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2400 շահառուներ: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի և Գերմանական կարմիր խաչի համատեղ ուժերով հոկտեմբերի 1-ից իրականացվում է նաև <<Արտագնա սպասարկում>> սոցիալական ենթածրագիրը, որի շրջանակում Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններում այս պահին ապահովվում է թվով 125 շահառուների սննդի խնդիրը: