Լուրեր
Բաց դաս Ազգային ժողովում
22.10.2013
Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան էին այցելել «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները: Նրանք նախ ներկա գտնվեցին Ազգային Ժողովի նիստին, ապա հանդիպում ունեցան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ողջունելով կրթահամալիրի սաներին Ազգային ժողովում՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրեց օրենսդիր մարմնի կազմավորման կարգը, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խորհրդարանական խմբակցությունների գործունեությունը, օրենսդրական նախաձեռնությունների մշակման եւ ընդունման ընթացակարգերը: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցելու բոլոր այն գործընթացներին, որոնք կնպաստեն կրթահամալիրի զարգացմանը: Պարոն Աբրահամյանը հորդորեց կրթահամալիրի սաներին արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, զինվել գիտելիքներով եւ պետության ու ընտանիքի համար դառնալ պիտանի քաղաքացի: Պարոն Աբրահամյանը կարեւորեց նման հանդիպումները եւ դրանց շարունակականությունը: Նա առաջարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին առաջիկայում կազմակերպել այց «Փոքր Մհեր» կրթահամալիր՝ խնդիրներին տեղում ծանոթանալու եւ անհրաժեշտության դեպքում օժանդակելու համար:
Կրթահամալիրի սաները պարոն Աբրահամյանին նվիրեցին «Խաչ պատերազմի» վզնոցը:
«Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանը շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին ընդունելության եւ բաց դասի համար:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն անդրադարձավ երկրի խորհրդարանի հիմնական՝ օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, ԱԺ մշտական մասնագիտական հանձնաժողովների աշխատանքներին, խորհրդարան-կառավարություն համագործակցությանը:
Հանդիպման ավարտին Արտակ Դավթյանը եւս հորդորեց կրթահամալիրի սաներին լավ սովորել, իրենց նպաստը բերել երկրի ապագայի կերտման գործում: