Լուրեր

Մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան

21.10.2013

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 38-րդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր է ընտրվել Արմեն Կարապետյանը: Աժ նախագահը եւ պատգամավորները շնորհավորեցին նորընտիր պատգամավորին:

Ազգային ժողովը քննարկեց եւ հաստատեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, այնուհետեւ քվեարկությամբ ընդունեց նախորդ նիստում քննարկված 7 օրինագծեր եւ վավերացրեց 5 միջազգային պայմանագրեր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողովում են գտնվում եւ ԱԺ նիստի աշխատանքներին հետեւում թիվ 170 դպրոցի մի խումբ ուսուցիչներ եւ աշակերտներ: ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց:

ԱԺ պատգամավորները ավարտեցին նախորդ նիստում ընդհատված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը, այնուհետեւ քննարկեցին 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի անօրինական պատրաստման եւ շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը կից վերապահումով:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ օրինագծի՝ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք է ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող պետական կառավարման մարմնի ներկայացրած? հաշվարկվող տարվան նախորդող, բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված բնակչության թիվն ըստ համայնքների: Օրինագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2014 եւ 2015 թվականներին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մինչ այդ դոտացիաների հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում ՀՀ վիճակագրական մարմինների ներկայացրած մշտական բնակչության թիվը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ: Նա միաժամանակ նշեց, որ ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները այնքան քիչ են, որ չեն կարող համայնքների զարգացման նպատակ հետապնդել: Ըստ նրա՝ որպեսզի համայնքները զարգանան, անհրաժեշտ է խոշորացնել համայնքները, ընդունել նոր օրենք եւ համայնքների զարգացման հայեցակարգ:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Զբաղվածության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախագծերի փաթեթի հիմքում զբաղվածության մասին նոր հայեցակարգն է: Այն նպատակ ունի զբաղվածության ոլորտի առաջիկա բարեփոխումների իրականացման ռազմավարական եւ մարտավարական նոր մոտեցումներ ներդնել՝ նպատակ ունենալով իրականացնել կազմակերպական, տեղեկատվության ապահովման եւ շահառուներին հասանելի դարձնելուն ուղղված, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ եւ կառուցվածքային փոփոխություններ, բարձրացնել աշխատաշուկայի ընթացիկ եւ հեռանկարային կարգավորման թափանցիկությունը, հաշվետվողականությունն ու արդյունավետությունը:

Նախարարի գնահատմամբ՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման առարկան բովանդակում է Հայաuտանում բնակչության արդյունավետ զբաղվածության խթանման տնտեuական եւ կազմակերպական նոր դրույթներ ու իրավական հիմքեր, զբաղվածության իրավունքի իրականացում` հաշվի առնելով տնտեսության ոլորտային զարգացման առանձնահատկությունները, գործազրկության դեպքում uոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից տրվող երաշխիքները:

Օրենքի նախագծով պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում սահմանված եւ կարգավորված են զբաղվածության ծառայություններ մատուցող պետական եւ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների միջեւ տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրված լավագույն փորձի տարածման, ոչ պետական կազմակերպություններին անհրաժեշտ մեթոդական աջակցության տրամադրման հարաբերություններն ու սկզբունքները:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի եւ զբաղվածության խթանման նպատակով «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանված է կազմակերպությունների համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվ (քվոտա), որը կներդրվի փուլային տարբերակով:

Նախարաը նաեւ պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

Ազգային ժողովը օրենքի այս նախագծի քննարկումը կշարունակի հոկտեմբերի 22-ի նիստում: 

← Վերադառնալ ցուցակին