Լուրեր

Երևանի քաղաքապետարանի ծրագրով 2013 թվականին մայրաքաղաքում հիմնովին բարեկարգվել է երեք հանգստի գոտի

21.10.2013

 Մայրաքաղաքի հիմնովին բարեկարգված այգիների, պուրակների ու հանգստի գոտիների թիվն այս տարի ավելացավ ևս երեքով: Գարնանից համալիր աշխատանքներ սկսվեցին Նոր Նորքի 2-րդ զանգվածի <<Տիգրան Մեծ>>, Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների փողոցի մանկական զբոսայգիներում և Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի 12-14 շենքերին հարակից հագստի գոտում: Բոլոր 3 այգիներում էլ բազմաբնույթ աշխատանքներ են իրականացվել. հողաշերտի թարմացում, ըստ անհրաժեշտության՝ եզրաքարերի փոխարինում, նոր նստարանների, զրուցարանների, խաղային ատրակցիոնների ու կարուսելների տեղադրում, ջրավազանների ներկառուցում, կանաչապատում, արտաքին լուսավորության ցանցի անցկացում, ծաղկային տարածքների ձևավորում, նոր ճեմուղիների ստեղծում ու եղածների նորոգում, հարակից ճանապարհների ասֆալտապատում և այլն:
Ոռոգման նոր համակարգեր էլ են անցկացվել, ինչը անչափ կարևոր է այգիների հետագա խնամքը շարունակելու առումով: Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում նաև մարզահրապարակ ու ֆուտբոլի դաշտ է ներկառուցվել: Ծրագիրն արդեն ավարտվել է:
Տարվա ընթացքում մի շարք հանգստի գոտիներ ու պուրակներ էլ բարեկարգվել են մայրաքաղաքի վարչական շրջանների ծրագրերով:

← Վերադառնալ ցուցակին