Լուրեր
Վալանսում մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը
17.10.2013
Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների և ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին` ի դեմս Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի և Ֆրանսիայի միավորված քաղաքների նախագահ Միշել Դելեբաղի, նկատելով, որ այն իսկապես անչափ պատասխանատու նախաձեռնություն է, ինչին Երևանի քաղաքապետը լավ է ծանոթ, քանզի այս համաժողովն առաջին անգամ անց է կացվել հենց Երևանում.<<2010 թվականի հոկտեմբերին Երևանում կայացավ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության անդրանիկ համաժողովը, որն ինստիտուցիոնալ հիմք դրեց հայ և ֆրանսիական համայնքների միջև համագործակցությանը։ Այդ համաժողովում մենք ընդունեցինք կարևոր համապարփակ փաստաթուղթ` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խարտիա, որն ուրվագծում է մեր համագործակցության գերակա ուղղությունները. տեղական ինքնակառավարման զարգացում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն, ֆրանսերենի ուսուցում>>,- նշել է Երևանի քաղաքապետը:Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ Երևանը մեծ նշանակություն է տալիս միջազգային համագործակցությանը` նկատելով, որ այն Հայաստանի մայրաքաղաքի համար սկիզբ է առնում դեռևս 1960-ական թվականներից:<<Մենք այսօր համագործակցում ենք աշխարհի ավելի քան 40 քաղաքների հետ և անդամակցում միջազգային ու տարածաշրջանային 7 կազմակերպությունների` ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Մենք մեծապես կարևորում ենք ֆրանսիական գործընկեր քաղաքների և ռեգիոնների հետ տարբեր ուղղություններով ու ոլորտներով համագործակցության խորացումը։ Վերջին 20 տարվա ընթացքում Երևանն աստիճանաբար զարգացրել է համագործակցությունը Ֆրանսիայի խոշորագույն քաղաքների և ռեգիոնների, մասնավորապես, Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիցցայի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի հետ՝ իրականացնելով բազմաթիվ ծրագրեր կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, ճարտարապետության, քաղաքաշինության և այլ բնագավառներում։ Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ Երևան քաղաքն իսկապես շահագրգիռ է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և զարգացման հարցում>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այսօր նպատակային աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոնիայի զարգացման ուղղությամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանն արդյունավետ համագործակցում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ, որի շրջանակում վերջին տարիներին իրականացվել են մի շարք կարևոր ծրագրեր մայրաքաղաքի հանրակրթական, արվեստի և երաժշտական դպրոցներում։<<Անցյալ տարի Հայաստանին շնորհվեց ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամի կարգավիճակ, ինչը, վստահ եմ, որակական նոր հնարավորություններ է ընձեռում ֆրանկոֆոնիայի շրջանակներում և Ֆրանսիայի հետ համագործակցության ոլորտում։ Մենք մեծապես կարևորում ենք նաև մեր ֆրանսիական գործընկեր քաղաքների ունեցած փորձը և փորձի փոխանակումների ու տեխնիկական աջակցության միջոցով այն կիրառելու հնարավորությունը>>,- շեշտել է Տարոն Մարգարյանն ու կարևորել նաև տարբեր ծրագրերի շրջանակներում համայնքների համագործակցությունը։ Երևանի քաղաքապետը նաև ընդգծել է, որ ապակենտրոնացված համագործակցության բոլոր ուղղություններն են կարևոր ու մեկը մյուսին փոխլրացնող։<<Ըստ այդմ, կարծում եմ, որ պետք է մշակենք համագործակցության ինստիտուցիոնալ նոր մոդելներ։ Պետք է առավելագույնս օգտագործել ոլորտների մեկը մյուսին փոխկապակցված ծրագրերի իրականացումը։ Ես համոզված եմ, որ ապակենտրոնացված համագործակցության հաջողությունը պայմանավորված է ծրագրերին համայնքների կորպորատիվ մասնակցությամբ։ Այս ձևը հատկապես արդյունավետ կլինի վերապատրաստումների և փորձի փոխանակումների ծրագրերի դեպքում։ Այս առումով, կարծում եմ, շատ կարևոր է Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների և ռեգիոնների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում ստեղծել բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի վերաբերյալ միասնական բանկ, որը կվերլուծի և կմշակի օպտիմալ ծրագրեր։ Եվ այս գործում մեծապես կարևորում եմ և՛ ֆրանսիական, և՛ հայկական այն կազմակերպությունների դերը, որոնք միավորում են համայնքներն ու ռեգիոնները։ Համոզված եմ, որ նշված մոտեցումների և սկզբունքների շնորհիվ, մենք կարող ենք էապես բարձրացնել համագործակցության արդյունավետությունը>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու համոզմունք հայտնել, որ համաժողովի շրջանակում կազմակերպվող քննարկումների արդյունքում կծնվեն նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն բարեկամ երկու երկրների միջև համագործակցությունը։