Լուրեր

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահի հետ

16.10.2013

 Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ժան Ժակ Քեյրանը նախ անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին և հատկանշել, որ դրանք իրապես բարձր մակարդակի վրա են, ինչը բնավ զարմանալի չէ, քանզի երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմքեր ունի: Ըստ այդմ, նա անհրաժեշտ և օրինաչափ է գնահատել Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի անցկացումը, որը, ըստ Քեյրանի, լավագույնս ապացուցում է, որ ոչ միայն երկու երկրների միջպետական հարաբերություններն են անհրաժեշտ բարձրության վրա, այլև միջհամայնքային և ռեգիոնալ կապերը: Ժան Ժակ Քեյրանը նկատել է, որ այդ ամենում, անշուշտ, մեծ դերակատարում ունի ֆրանսահայ համայնքը, որն իր ազդեցիկ տեղն ու կշիռն ունի նաև Ռոն Ալպի ռեգիոնում և լավագույնս ներկայացնում է աշխատասեր ու արարող հայ ժողովրդի տեսակը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և ընդունելության համար՝ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները վստահեցրել են, որ գնահատում են ֆրանսիացի գործընկերների պատրաստակամությունը` միջհամայնքային և միջռեգիոնալ համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես նշել է, որ ֆրանսիական մի շարք համայնքների հետ այսօր առկա է սերտ համագործակցություն, այդ թվում նաև՝ Լիոն քաղաքի, որի հետ համատեղ իրականացվել ու իրականացվում են մի շարք կարևոր ծրագրեր: Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկուստեք կապերն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Հաջողություն մաղթելով Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի աշխատանքներին՝ Ռոն Ալպի ռեգիոնի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանը հույս է հայտնել, որ այն իր հերթին կնպաստի երկուստեք հարաբերությունների առավել սերտացմանն ու ամրապնդմանը:

← Վերադառնալ ցուցակին