Լուրեր
Վարչապետն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարին
15.10.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի գլխավորած պատվիրակությանը:
«Մենք կարևորում ենք Վրաստանի հետ փոխհարաբերությունների ամրապնդումն ու խորացումը և քայլեր կձեռնարկենք, որպեսզի այդ կապերը կոնկրետ արդյունքներ տան», - ողջույնի խոսքում նշել է ՀՀ կառավարության ղեկավարը: Վարչապետը կարևորել է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների համար փոխգործակցության նպաստավոր միջավայրի ձևավորումը և տեղեկատվության փոխանակումը:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ընդունելության համար ու տեղեկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում ունեցած հանդիպումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման և արտահանման ծավալներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում գյուղատնտեսության զարգացման առաջնահերթությունների, ինչպես նաև պետության աջակցությամբ ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջը: