Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

04.10.2013

 Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում առանձնակի սիրով ու գնահատանքով է վերաբերվել ուսուցչին՝ հասարակական կյանքում նրան վերապահելով ամենապատվավոր ու հարգալից տեղը։ Ավելին, յուրաքանչյուր հայի համար ուսուցիչ և ծնող բառերը շատ հաճախ նույնացվում են։
Իսկապես, անչափ մեծ է ձեր վաստակը սերունդների կրթության ու դաստիարակության պատասխանատու գործում։ Լինելով ազգային արժեհամակարգի ձևավորողը` դուք միաժամանակ դառնում եք տվյալ համակարգի կարևոր հիմնասյունը:
Մեր երկրի հզորացման ու ազգային իղձերի իրականացման գործում հավասարաչափ կարևոր է ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքը։ Ձեր անձնական օրինակով ու նվիրումով է ձևավորվում 21-րդ դարի հայ մարդու, մեր երկրի արժանի քաղաքացու նկարագիրը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր անչափ կարևոր և պատասխանատու գործում:

← Վերադառնալ ցուցակին