Լուրեր

Քաղաքապետը մասնակցել է <<Երևան Ջուր>> ընկերության մասնաճյուղային նոր վարչական շենքի բացմանը

25.09.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի ջրամատակարարման օրվա կարգավորիչ <<Կովկասյան>> ջրամբարի տարածքում կառուցված վարչական շենքի հանդիսավոր բացմանը: Նորակառույցի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կառավարությանն առընթեր ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանին:
Վարչական շենքում այսուհետ գործելու են <<Արևմուտք>> շահագործման տնօրինության <<Արաբկիր>>, <<Պոմպեր>> տեղամասերը, ինչպես նաև Առևտրային տնօրինության տարածքային տեղամասը, որոնք նախկինում տեղակայված են եղել վարձակալած տարածքներում:
Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և <<Երևան Ջուր>> ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է շենքում և ծանոթացել ստեղծված պայմաններին: Երկհարկանի շենքի առաջին հարկում գտնվում է ավտովերանորոգման բազան, ինժեներական մյուս կառույցները, պահեստը և այլն: Երկրորդ հարկում տեղակայված են ծառայողական տարածքները:
Պատասխանատուները քաղաքապետին վստահեցրել են, որ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: Երևանի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ու զարգացման ծրագրերի շրջանակում, արդեն իսկ, մայրաքաղաքում ավելացվել է ջրամատակարարման տևողությունը, նվազել է աղբյուրներից ջրառի ծավալները, ինչպես նաև իջեցվել մատուցվող ծառայությունների սակագինը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Գոռ Գրիգորյանը նշել է, որ, որպես համակարգի կայացման ծրագրի բաղկացուցիչ մաս, <<Երևան Ջուր>> ընկերությունը շարունակելու է տարածքային իր ստորաբաժանումները սեփական հարկի տակ հավաքելու գործընթացը: Առաջիկայում նոր տարածքով կապահովվի նաև <<Արևմուտք>> շահագործման տնօրինության <<Մաշտոց>> տեղամասը, որը սպասարկում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանները:
Մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով իրականացվող ծրագրերի ընթացքը ևս քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է. <<Այս շենքը և անձնակազմը ծառայում են մեկ հիմնական նպատակի՝ բավարարելու մայրաքաղաքի բնակչության պահանջարկը որակյալ ջրամատակարարման հարցում: Այն է՝ սահմանված ժամանակացույց, որակյալ ջուր, վթարների թվի կրճատում, հոսակորուստների կրճատում, շահագործման ծախսերի տնտեսում: Եվ Երևանի քաղաքապետը, որպես կառավարման լիազորված անձ, ամեն ինչ անելու է «Երևան Ջուր» ընկերության զարգացման հետագա ծրագրերին ևս աջակցելու համար>>,- ընդգծել է Կամո Արեյանը:

← Վերադառնալ ցուցակին