Լուրեր

Երևանի քաղաքապետի շնորhակալագրեր՝ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրին ակտիվ մասնակցության համար

24.09.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված <<Ավելի մաքուր Երևան>> խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և տնտեսվարողներ:
Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:
<<Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն:
Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար>>,- ընդգծել է Կամո Արեյանը:
Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:
Նշենք, որ <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր:
Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: <<Ավելի մաքուր Երևան>> ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են 10 հազար կամավորներ:

← Վերադառնալ ցուցակին