Լուրեր

Մոսկվայում անցկացվել է <<Ոսկե նուռ>> հայկական հինգերորդ փառատոն-տոնավաճառը

24.09.2013

 Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է հայկական ապրանքարտադրողների ապրանքների ամենամյա <<Ոսկե նուռ>> հինգերորդ տոնավաճառի հանդիսավոր բացման արարողությանը: Ավանդական դարձած տոնավաճառի անցկացումն այս անգամ նվիրված էր ՀՀ անկախության 22-ամյակին:
Տոնավաճառի անցկացմանն աջակից Մոսկվայի կառավարության անունից Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Անդրեյ Չիժովը, ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին, մասնավորապես նշել է, որ <<Ոսկե նուռ>> տոնավաճառը Ռուսաստանի մայրաքաղաքում հայկական նմանատիպ միջոցառումների անցկացման ավանդույթի վերածնունդն է. <<Այն Մոսկվայի և Երևանի միջև ոչ միայն առևտրատնտեսական հարաբերությունների, այլ նաև մեր ժողովուրդների մտերմացման, գործարար և մշակութային երկկողմ կապերի ամրապնդման զարգացմանն է ուղղված>>,- նշել է Անդրեյ Չիժովը։
Տոնավաճառին մասնակցել են ավելի քան 100 հայաստանյան արտադրողներ, ընկերություններ, որոնք ներկայացրել են հայկական ավանդական սննդամթերք, ինչպես նաև գորգեր, ազգային-գեղագիտական ձեռագործ այլ աշխատանքներ և այլն։
<<Ոսկե նուռ>> հինգերորդ տոնավաճառի բացմանը ելույթ են ունեցել հայկական ազգագրական ժողգործիքների, երգ ու պարի Երևանից ժամանած և մոսկովյան համույթներ։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում նաև հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի վարչության պետ Սերգեյ Չերյոմինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված, մասնավորապես 2014-16թթ. Երևանի և Մոսկվայի համագործակցության ծրագրին առնչվող հարցեր, ինչպես նաև նոյեմբերի 29-30-ին Մոսկվայում անցկացվելիք Երևանի օրերի միջոցառումների կազմակերպչական հարցեր։
<<Մոսկվայի հետ համագործակցությունը համարում ենք կարևոր ուղղություն։ Մեր հարաբերությունները զարգանում են, և այդ գործընթացը, մեր համոզմամբ, շարունակական է լինելու։ Երկկողմ համագործակցության լավագույն օրինակներից է ավանդական դարձած <<Ոսկե նուռ>> տոնավաճառ-փառատոնը։ Մեզ համար կարևոր է ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում, գործակցությունը տարբեր ձևաչափերով՝ ինչպես Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության, այնպես էլ երկու քաղաքների վարչական միավորների միջև>>,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Սերգեյ Չերյոմինն իր հերթին նշել է, որ փոխշահավետ համագործակցության զարգացման համար առկա են բոլոր հնարավորությունները, հատկանշել է, որ Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կստորագրվի 2014-16թթ. համագործակցության նոր ծրագիր։

← Վերադառնալ ցուցակին