Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՉԺՀ ԺՆ Համաչինական ժողովի պատվիրակությանը
23.09.2013
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի պատվիրակությանը` նախագահի տեղակալ Սուն Բաոշուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ողջունելով հյուրերին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նրա խոսքով` Հայաստանի եւ Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ երկու պետությունները թեւակոխում են բարեկամական հարաբերությունների որակական նոր փուլ: ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, խորանում է փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց միջխորհրդարանական համագործակցության մեծ դերը միջպետական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում: Նրա գնահատմամբ` երկու երկրների խորհրդարանների միջեւ լիարժեք համագործակցությունը նպաստում է նաեւ իրավական բազայի ընդլայնմանը, ինչը հանդիսանում է տարբեր ոլորտներում հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման հիմքը: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Չինաստանի Համաչինական Ժողովի իրավաբանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուն Բաոշուն նշեց, որ հայ-չինական 21-ամյա դիվանագիտական հարաբերությունների ժամանակահատվածում երկու երկրների քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն արդյունավետորեն զարգացել են՝ հասնելով նոր եւ բարձր որակական համագործակցության: Նրա խոսքով` քաղաքական վստահելի համագործակցության ներքո ընդլայնվում եւ զարգանում են երկու երկրների միջեւ առկա բազմակողմ հարաբերությունները: Նա նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ ամրապնդումը, երկկողմ շփումները:
ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դեծյանգին պաշտոնական այցով Հայաստան այցելելու հրավերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ կարեւորություն ներկայացնող այլ հարցեր եւս: