Լուրեր
Քաղաքապետարանում հրավիրվել է հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ
19.09.2013
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:
Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:
Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները:
<<Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը և արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի>>,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաև կազմակերպել առանձին քննարկում` որոշելու երկրորդ փուլով բնակարանների տրամադրման առաջնահերթության հարցը: