Լուրեր

Բացվել է «Armenia EXPO-2013» առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

13.09.2013

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևան-էքսպո ցուցասրահում մասնակցել է «Armenia EXPO-2013» տարածաշրջանային, ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացմանը:
Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է ցուցահանդեսի բոլոր մասնակիցներին՝ «Armenia EXPO-2013»-ի բացման կապակցությամբ: «Այս տարածաշրջանային ցուցահանդեսն արդեն ձևավորել է գեղեցիկ ավանդույթներ: Մենք այն դիտարկում ենք որպես մի հարթակ, որը մեր երկրին հնարավորություն է տալու բացահայտել տնտեսական աճի նոր ուղիներ, քանի որ այստեղ ներկայացվում են ընկերություններ, որոնք ունեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որոնում են նոր ներդրողների, կարողանում են կապեր հաստատել այլ երկրների ձեռնարկությունների հետ: Այս հարթակն է, որ պետք է հաղորդի նոր էներգիա և լիցք՝ մեր տնտեսության զարգացմանը»,- նշել է վարչապետ Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծրագրերին:
«Armenia EXPO-2013»-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: Այն հնարավորություն է տալիս առավել լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն մասնակից բոլոր ընկերությունների մասին, գտնել շահավետ գործընկերներ և օտարերկրյա ներդրողներ: Արդեն 13 տարի շարունակ անցկացվող ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից և Լեհաստանից:
«Armenia EXPO-2013»-ը կտևի մինչ սեպտեմբերի 15-ը:

← Վերադառնալ ցուցակին