Լուրեր

Երևանը կահավորվում է ուղենշող նոր ցուցանակներով

13.09.2013

 Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնական որոշ փողոցներ և հրապարակներ կահավորվել են փողոցները ուղենշող նոր ցուցանակներով:
Անգլերեն և հայերեն երկլեզու ցուցանակները թե´ երևանցիներին և թե´ քաղաքի հյուրերին հնարավորություն են տալիս առավել հեշտ կողմնորոշվել մայրաքաղաքում: Ուղենշող վահանակները հուշում են նաև մշակութային օջախների գտնվելու վայրերն ու ուղղությունները:
Դրանք պատրաստված են միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ երևանյան ձևավորման ընդհանուր ոճին: Ոլորտի մասնագետների կողմից հետիոտների հարմարավետության ապահովման տեսանկյունից նախապես ուսումնասիրվել է գրվածքի տառաչափն ու տառատեսակը, նաև ցուցանակի բարձրությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ դեռ ապրիլին փորձնական տարբերակով տեղադրված ցուցանակները քաղաքացիների կողմից լայն արձագանք գտան, ինչի արդյունքում որոշվեց շարունակել ծրագիրը:
Հետագայում նախատեսվում է ուղենշող ցուցանակներով կահավորել նաև վարչական բոլոր շրջանների փողոցները:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման հետագա ծրագրերում կմշակվեն նաև ձևավորման տարբեր այլ տարրեր, ինչպիսիք են շենքերի համարակալման ցուցանակներն ու գովազդային վահանակների արդիականացումը:

← Վերադառնալ ցուցակին