Լուրեր
Խորհրդարանն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը
12.09.2013
Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ առաջին ընթերցումով ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
Այնուհետեւ պատգամավորները շարունակեցին քննարկել նախորդ օրն ընդհատված ՀՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամի ընտրության հարցը:
Եզրափակիչ ելույթներում առաջադրված թեկնածուներ ԵՊՀ իրավագիտության ֆալուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը եւ իրավագիտության դոկտոր Գրիգոր Բադիրյանը շնորհակալություն հայտնեցին խորհրդարանին երկօրյա շահագրգիռ եւ բովանդակալի քննարկումների համար՝ նշելով, որ ընտրվելու դեպքում պատգամավորների դիտողություններն ու առաջարկները հաշվի կառնեն իրենց հետագա գործունեության ընթացքում:
Ամփոփելով փակ, գաղտնի քվեարկության արդյունքները՝ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստում արձանագրվել է, որ քվեարկությանը մասնակցել է 109 պատգամավոր: Առաջադրված թեկնածու Գագիկ Ղազինյանի օգտին քվեարկել են 92 պատգամավոր, դեմ՝ 16-ը, իսկ Գրիգոր Բադիրյանի օգտին՝ 93 պատգամավոր, դեմ՝ 14-ը: Այսպիսով, ՀՀ արդարադատության խորհրդի իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ընտրվել են Գագիկ Ղազինյանը եւ Գրիգոր Բադիրյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց նորընտիր իրավաբան-գիտնականներին:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության ներկայացրած «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի եւ Վահան Բաբայանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի եւ Դավիթ Հարությունյանի ներկայացրած «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արթուր Գեւորգյանի եւ Հայկ Բաբուխանյանի ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», կառավարության հեղինակած «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», կառավարության հեղինակած «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Քննարկված հարցերի վերաբերյալ ԱԺ գլխադասային հանձնաժողովները տվել էին դրական եզրակացություններ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012 թ. գործունեության մասին հաղորդումը խորհրդարանին ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Նա տեղեկացրեց, որ հաշվետու տարում ՀՀ-ում գործել են 96 հեռուստաընկերություն (որից 44-ը՝ վերգետնյա եթերային, 52-ը կաբելային (մալուխային) հեռարձակում իրականացնող) եւ 20 ռադիոընկերություն: ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված 20 դիմում-բողոքներին հանձնաժողովը պատասխանել է համաձայն ՀՀ օրենսդրության. դիմում-բողոքներում հեռուստադիտողներն անդրադարձել են հեռուստահաղորդումներին, սերիալներին, հայոց լեզվի աղճատմանը, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն եւ այլ խնդիրների: Նշվեց, որ նախորդ տարում ՀՌԱՀ աշխատակազմն անցկացրել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար 2 մրցույթ: 9 քաղաքացիական ծառայողներ ատեստավորվել են, 13-ը՝ վերապատրաստվել: 2012 թ-ին հանձնաժողովը ներգրավված է եղել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի լրամշակման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից ստեղծված աշխատանքային խմբի, ինչպես նաեւ ՀՀ-ում ռադիոհաղորդումների եւ հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներում: Պարոն Բունիաթյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը համագործակցել է տեղական եւ միջազգային մի շարք կազմակերպությունների հետ: Տեղի են ունեցել հանդիպումներ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններին, ինչպես նաեւ 2013 թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության, ինչպես նաեւ ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների հետ: Նախորդ տարում հանձնաժողովը ներգրավված է եղել 2012 թ. մարտի 4-ին կայացած ՌԴ Նախագահի ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության կազմում:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանը հարակից ելույթում նշեց, որ հանձնաժողովը քննարկել եւ ի գիտություն է ընդունել հաղորդումը: Դրական գնահատելով հանձնաժողովի գործունեությունը հաշվետու տարում՝ նա նշեց, որ հանձնաժողովը պետք է առավել նախաձեռնողական լինի սեփական քաղաքականությունը մշակելու հարցում: Նրա գնահատմամբ՝ նախորդ ընտրություններում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն ապահովել է եթերի բազմակարծություն եւ հավասարություն, ինչը արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները եւ արտասահմանյան կազմակերպությունները: Պարոն Բաբուխանյանն անդրադարձավ ոլորտում առկա մի շարք խնդիրների եւ նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի կարգավորել դրանք:
Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը ներկայացրեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Նա տեղեկացրեց, որ հեռուստառադիոընկերությունը հաշվետու տարում շարունակել է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների եւ պարտավորությունների իրականացմանը ուղղված գործունեությունը: Հաշվետու տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը իրականացրել է նախատեսված բոլոր ծրագրերը եւ դաշտում ապահովել առաջատար դիրք: Իրականացվել, եւ այժմ էլ շարունակվում են տեխնիկական միջոցների համալրումն ու վերազինումը, հաղորդումների որակի բարձրացմանն ուղղված քայլերը: Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել եւ հեռարձակել է լրատվական, լրատվական-վերլուծական, քաղաքական, տնտեսական, հասարակական, գիտալուսավորչական, հայոց լեզվի եւ պատմության, մշակութային, կրթական, մանկապատանեկան, մարզական, երաժշտական ուղղություններով հեռուստահաղորդումներ` փորձելով բավարարել հանրության բոլոր շերտերի հեռուստատեսային պահանջները: 2012 թ. վերջին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն անդամակցել է Հանրային Հեռարձակողների Միջազգային Ասոցիացիային (PBI): Նախորդ տարում ռադիոընկերությունը իրականացրել է ռադիոհաղորդումների պատրաստում եւ հեռարձակում «Առաջին ծրագիր» եւ «Իմ ռադիո» ծրագրերով, պատրաստվել եւ հեռարձակվել են հաղորդումներ արտասահմանի համար, ինչպես նաեւ իրականացվել է ինտերնետային հեռարձակում: Հանրային ռադիոընկերության հաղորդումները հեռարձակվել են միջին, կարճ, գերկարճ եւ FM հաճախականություններով:
Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում: