Լուրեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն հանդիպել է Դալիանի քաղաքապետ Լի Վանցային
11.09.2013
Աշխատանքային այցով Չինաստանի Դալիան քաղաքում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Դալիանի քաղաքապետ Լի Վանցայի հետ։ Ողջունելով ՀՀ վարչապետին Դալիան քաղաքում` Լի Վանցայը հույս է հայտնել, որ վարչապետ Սարգսյանի այցը Չինաստան կխթանի հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և կբացի համագործակցության նոր հեռանկարներ:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դալիանի քաղաքապետին ջերմ ընդունելության համար: «Մեր երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում և մենք չունենք որևէ խնդիր: Սակայն տնտեսական հարաբերություններում դեռ անելիքներ ունենք: Առկա են մեծ հնարավորություններ և ներուժ` տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության և զբոսաշրջության բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետը Դալիանի քաղաքապետին հրավիրել է Հայաստան, ինչպես նաև հույս հայտնել, որ Դալիանը կարող է համագործակցության ծրագրեր մշակել Գյումրի քաղաքի հետ, ուր ՏՏ ոլորտը զգալի հաջողություններ է գրանցում: