Լուրեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանը չինական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
10.09.2013
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Դալիան քաղաքում հանդիպում է ունեցել China Communication Constrction Company ընկերության գործադիր տնօրեն Վանգ Զիջհունին, ով վարչապետ Սարգսյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը: Ընկերությունը մասնագիտացած է ճանապարհաշինության ոլորտում. իրականացնում է նախագծում, շինարարություն, սպասարկում: Այն աշխարհում զբաղեցնում է ոլորտի տասներորդ հորիզոնականը: Ընկերության գործադիր տնօրենը Տիգրան Սարգսյանին հավաստիացրել է, որ հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինության ոլորտում ներկայացված լինելու հարցում և արդեն իսկ մշակում են մի շարք առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացնեն ՀՀ կառավարության քննարկմանը:
Այնուհետև վարչապետ Սարգսյանն հանդիպել է Inspur ընկերության ներկայացուցիչներին: Ընկերությանը ներկայացնում է ՏՏ ոլորտը. նախագծում և արտադրում է գերհամակարգիչներ, մշակում ՏՏ ծրագրեր կրթության, ինդուստրիալ դիզայնի համար:
Ընկերության փոխնախագահ Ժհանգ Դոնգը վարչապետ Սարգսյանին պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցելու, քանի որ տեղյակ են ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման մասին, և համաշխարհային շատ ընկերություններ ակտիվացնում են իրենց ներկայությունն Հայաստանի Հանրապետությունում: Ըստ Ժ.Դոնգի, այս ոլորտում կա զարգացման մեծ ներուժ և համագործակցության լայն հեռանկար:
Վարչապետ Սարգսյանն ընկերության ներկայացուցիչներին հայտնել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ կառավարության գերակայություններից է: Նա նշել է, որ անցած տարվանից Հայաստանն ունի իր ներկայացուցչությունը Սիլիկոնյան հովտում, որն աշխատում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Տիրգրան Սարգսյանը ներկայացրել է նաև վերջերս Երևանում բացված ազատ տնտեսական գոտու առավելությունները, որոնք հիմնականում նախատեսված են ՏՏ ոլորտի ընկերությունների համար: