Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացվել է <<Հայաստան սքանչավայր>> ծրագիրը

09.09.2013

 Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վահագնի թաղամաս: Մանրակերտի և նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել <<Հայաստան սքանչավայր>> ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց Վահագնի թաղամասում: Շուրջ 75.000 քմ տարածքում նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը:
Ծրագրի ղեկավարի խոսքով՝ բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն, ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը, նրանց հավաստմամբ, ևս կհամալրի այդ տասնյակի շարքը: Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը:
Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետը նշել է, որ գաղափարն իսկապես հետաքրքիր է, պատմական ու ճանաչողական:
Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում:
Վահագն Հովնանյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին համագործակցության ու մշտական աջակցության համար:
Բարերար Վահագն Հովնանյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է նաև Վահագնի թաղամասի տարածքով:

← Վերադառնալ ցուցակին