Լուրեր
Քննարկվել են ցանցային գործակցությանն առնչվող հարցեր
03.09.2013
 
							 Իտալիայի Կարարա քույր  քաղաքի  քաղաքապետ  Անջելո Զուբիանիի հրավերով,  Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի  22-25-ը Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դ. Գևորգյանը մասնակցել է <<Ֆեստա դե լա Բիրա-Սեպտեմբեր ֆեստ 2013>> ամենամյա փառատոնին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Կարարայի քաղաքապետին՝ Դ. Գևորգյանը վերջինիս և Կարարայի քաղաքացիներին է փոխանցել քաղաքապետի շնորհավորանքներն ու ուղերձը։ Միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև քննարկում ԵԽ կողմից ֆինանսավորվող <<Երիտասարդ գործարարների փոխանակման>> ծրագրի շրջանակներում Երևան-Կարարա-Գրաս-Օպոլ-Ինգոլշտատ քույր քաղաքների միջև ցանցային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Կարարայի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում  վերջինս, սիրով ընդունելով Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանի հրավերը, իր պատրաստակամությունն է հայտնել մասնակցել <<Էրեբունի-Երևան 2795>>   տոնակատարությանը։ Այցի ընթացքում Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը նաև հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Ինգոլշտատ քաղաքի քաղաքապետի և Գրասի փոխքաղաքապետի հետ։ 
Հիշեցնենք, որ Երևան և Կարարա քաղաքների միջև բարեկամության առաջին հիմնաքարը դրվել է 1962թ.-ին։ 1973թ. սեպտեմբերի 12-ին Երևանում ստորագրվել է փաստաթուղթ, որով Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեն և Կարարայի մունիցիպալ խորհուրդը որոշում են կայացրել ամրապնդել 2 քաղաքների միջև ստեղծված բարեկամական կապերը։
Երևան և Կարարա համագործակցության շրջանակներում 1964թ. մայիսի 20-ին Մոսկովյան և Տերյան փողոցների հատման մասում տեղադրվել է <<Բարեկամության ձեռքեր>>   մարմարե հուշարձանը, որը Կարարայի նվերն էր Երևան քաղաքին։  Որպես պատասխան՝ հայկական կողմը Կարարայի քաղաքապետարանին է նվիրել տուֆից պատրաստված խաչքար-աղբյուր, որը  տեղադրված է Կարարայի Երևանի զբոսայգում։ Խաչքար-աղբյուրի կրկնօրինակը  տեղադրված է նաև Երևանում՝ << Բարեկամության  ձեռքերից>>   ոչ հեռու։
