Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին

30.08.2013

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2013>> ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին:
Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքն էլ ավելի աշխուժացնելու ուղղությամբ.
<<Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Վստահ եմ, որ այս մարզասեր ընտանիքներում մեծացող երեխաներն ապագայում ևս բարձր են պահելու Երևանի ու երևանցիների պատիվը: Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող ըտանիքների թիվը>>,- նշել է քաղաքապետը՝ վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես լինել մայրաքաղաքի պատիվը բարձր պահող ընտանիքների կողքին:
ՀՀ նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք 2013>> հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու և մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել մրցույթին մասնակցած ընտանիքներին:
Հանդիպման վերջում Երևանի թիմին՝ որպես բացարձակ հաղթողների հանձնված ՀՀ նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երևանի քաղաքապետարանին:

← Վերադառնալ ցուցակին