Լուրեր
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Էրեբունի վարչական շրջանում
30.08.2013
Էրեբունի վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին նախ հանդիսավորությամբ բացել է Արցախի 10 և 18 հասցեների բակերը: Քաղաքապետը շրջել է բակերում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած բակային տարածքներն այսօր այլևս համալրել են մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը:
Գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով, ֆուտբոլի դաշտով կահավորված հանգստի հարմարավետ այս գոտիները բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էին, որոնց համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին:
Տարոն Մարգարյանն էլ, ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի այս տարվա ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած բակերի համալիր բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական. <<Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բակերի համալիր բարեկարգման աշխատանքները: Միայն Էրեբունիում այս տարի շուրջ 50 մեծ և փոքր բակերում իրականացվել և իրականացվում են տարածքների բարեկարգման, խաղահրապարակների ու մարզական գույքով կահավորման աշխատանքներ: Առաջիկայում հերթական բարեկարգ բակերի բացումներ կունենանք նաև Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հուսով եմ, որ մինչև նոյեմբերի սկիզբ այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքները կավարտենք: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, ինչի արդյունքում մի քանի տարիների ընթացքում Երևանում անբարեկարգ բակեր այլևս չենք ունենա>>,- ընդգծել է քաղաքապետը:
Առողջ ապրելակերպին ուղղված տարբեր ծրագրերն ու միջոցառումները նույնպես քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեության ծրագրային առաջնահերթություններից են, և բակերի համալիր բարեկարգման ծրագրերում այս տարի ևս առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ֆուտբոլի փոքր խաղադաշտերի կառուցմանն ու բակերում մարզական գույքի ավելացմանը.
<<Մայրաքաղաքի սպորտային կյանքն աշխուժացնելու, առողջ ապրելակերպը խթանելու և ֆուտբոլի մասսայականացման նպատակով փորձելու ենք բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է, կառուցենք ֆուտբոլի դաշտեր և կահավորենք մարզական գույքով: Ի դեպ, այս տարի 18 ֆուտբոլի դաշտեր ենք կառուցել, իսկ նախորդ երեք տարիների ընթացքում մայրաքաղաքի բակերը համալրվել են ֆուտբոլի շուրջ 60 հարմարավետ խաղադաշտերով>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Էրեբունի վարչական շրջանում սպասված հերթական բակի բացումը սեփական տնատիրություններից կազմված Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի հարակից տարածքում էր: Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար` թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները:
Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, բաց և փակ զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև Վարդաշեն և Մուշական թաղամասեր, որտեղ ևս մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում այս տարվա բակերի բարեկարգման ծրագրով իրականացվել են համալիր աշխատանքներ: