Լուրեր
«Հասարակական շարժումը Հայաստանում արդի փուլում. նոր մարտահրավերներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում
24.07.2013
Հուլիսի 23-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկեց «Հասարակական շարժումը Հայաստանում արդի փուլում. նոր մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով խորհրդաժողովը: Այն կազմակերպվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից: Խորհրդաժողովն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Նիդեռլանդների Թագավորության հովանավորությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Մասնակիցներին ողջունեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը :
Տիկին Նաղդալյանը, ողջունելով խորհրդաժողովի մեկնարկը, կարեւորեց քննարկվող թեմաները՝ համարելով դրանք արդի ժամանակշրջանի կարեւոր հիմնահարցերը: Նա նշեց, որ գլոբալացվող աշխարհում հանրային կյանքի կազմակերպման եւ զարգացման ուղղությունների քննարկումը ներկա ժամանակահատվածում օրակարգային է Հայաստանի համար:
Հուլիսի 23-26-ը խորհրդաժողովը կգումարի վեց լիագումար նիստ: Այդ օրերին զեկուցումներով հանդես կգան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի՝ Երեւանի, Մասիսի, Իջեւանի, Աբովյանի, Արտաշատի, Սեւանի, Վանաձորի, Գյումրու, Թալինի, Կապանի, Էջմիածնի, Սպիտակի մասնաճյուղերի եւ հասարակական կազմակերպությունների անդամներ:
Խորհրդաժողովի ընթացքում կքննարկվեն հասարակական կազմակերպությունների եւ երկրի զարգացման հիմնախնդիրներին, գլոբալացման ժամանակակից գործընթացներին, քաղաքական մշակույթի ձեւավորման միտումներին, նոր մարտահրավերների պայմաններում կրթության գլոբալացմանն առնչվող հարցեր:
Հուլիսի 26-ին խորհրդաժողովը կավարտի աշխատանքը: